Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է խորհրդարանի նախագահ։ Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ նա հայտարարել է, որ իր պարտականությունները կատարելու է ի բարօրություն վրաց ժողովրդի։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Առաջին նիստին մասնակցել է միայն իշխող «Վրացական երազանքը», որն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է ձայների մոտ 54 տոկոսը և օրենսդիր մարմնի 150 մանդատից 89-ը։ Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը բոյկոտում են խորհրդարանի գործունեությունը։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին Եվրամիության և ԱՄՆ դեսպանները հրավիրված չեն եղել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է ամենատարեց պատգամավորը:
Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել նիստին, քանի որ հոկտեմբերին կայացած և նոր խորհրդարանը ձևավորած ընտրությունը համարում են կեղծված: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է, որ խորհրդարանի նիստը հակասահմանադրական է: Նա նշել է, որ ընտրության ընթացքում եղած ընտրակեղծիքները խարխլել են խորհրդարանի լեգիտիմությունը։
Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ իր բողոքը Սահմանադրական դատարանում քննարկման փուլում է։
Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ՝ օրենսդիրի շենքի մոտ շարունակվել են երեկվանից մեկնարկած ցույցերը: Ցուցարարները հավկիթներ են նետել խորհրդարանի շենքի վրա: Դրսում ցուցարարները վանկարկել են «ռուսներ» և «ստրուկներ»:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։