Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կալուգայում գտնվող «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանի վրա, որը ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մաս է կազմում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Միաժամանակ հրապարակման պահին այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել։ Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան նոյեմբերի 25-ի առավոտյան Telegram-ում գրել է, որ «գիշերը Կալուգայի մատույցներում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 3 անօդաչու թռչող սարք»։
Հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկության տարածքում, որտեղ ընկել են անօդաչու սարքի բեկորները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, և տեղում աշխատում է օպերատիվ խումբը: Ավելի ուշ Շապշան հայտնել է, որ արդյունաբերական ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ «Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 8 անօդաչու թռչող սարք»,- հավելել է պաշտոնյան։
ՌԴ ՊՆ-ն էլ նոյեմբերի 25-ի առավոտյան Telegram-ում հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռի տիպի ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք է խոցել և որսացել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի մի շարք շրջանների վրա: Օդեսայի վրա ռուսական հարձակման հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ, իսկ Խարկովի վրա՝ վիրավորվել է 23 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։