Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կվարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտնել է իրանական ISNA պետական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի փոխարտգործնախարարների մակարդակով։ Բանակցությունները կլինեն Նյու Յորքում սեպտեմբերին կայացած շփումների շարունակությունը։
Ճապոնական Kyodo գործակալությունը հայտնել է, որ փոխնախարարների հանդիպումը կկայանա Ժնևում, և բացի երեք եվրոպական երկրների դիվանագետներից, դրան կմիանան նաև Եվրամիության ներկայացուցիչներ։
Reuters-ի փոխանցմամբ էլ՝ Իրանի իշխանությունները՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ձգտում են միջուկային փակուղուց ելք գտնել մինչև հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։
«Թեհրանը միշտ համարել է, որ միջուկային խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան: