ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի 64-ամյա տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, որն ավելի վաղ ներկայացնում էր Մոսկվան Կանադայում, կարող է դառնալ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը։ Այս մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ թեկնածուն ընտրվել է, և իրականացվում են հրամանագրի հաստատման ու պատրաստման ընթացակարգեր։
«Վեդոմոստի» թերթը նշել է, որ դեսպանը կնշանակվի ոչ թե խորհրդային ավանդույթներին բնորոշ փոխնախարարի, այլ ԱԳՆ-ի վարչության պետի պաշտոնից։
2022 թվականին «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում Դարչիևն առաջարկել էր հիշել «լավ մոռացված սկզբունքը, որը գործում էր Սառը պատերազմի ժամանակ»՝ «խաղաղ համակեցություն՝ չնայած մեզ բաժանող արժեքներին և իդեալներին, որոնք չպետք է պարտադրվեն միմյանց»: Նույն հարցազրույցում դիվանագետը հույս էր հայտնել, որ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նորմալ հարաբերությունը կվերականգնվի»։