ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։
Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի անցման կապակցությամբ և ընդգծել Բանկի և Հայաստանի, ինչպես նաև կոնկրետ ՏԿԵՆ-ի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։