Արդարադատության նախարարությունը, նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի առաջարկով, մինչև Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելը, հետ է կանչել վիճելի դրույթները:
Խոսքը վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում ընտրությունների արդյունքի չեղարկմանը: Որոշվել է տարանջատել մինչև քվեարկության պահն ու դրան հաջորդող հատվածի կարգավորումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էլ փարատում է ընդդիմության մտահոգությունը, թե քվեարկության արդյունքները կանխատեսելով՝ Կառավարությունը կարող է արհեստական միջամտությամբ արտակարգ դրություն հայտարարել և չեղարկել արդյունքները:
Վահագն Հովակիմյանը փաստարկում է նաև, որ կարգավորումը հիմնավորված է գործնական փորձով:
2020-ին եղել է նման իրավիճակ, երբ սահմանադրական հանրաքվեի մեկնարկած քարոզարշավի փուլում մեր երկրում կորոնավիրուսով թելադրված արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն է եղել:
Հաշվի առնելով դա՝ ճիշտ է համարվել, որ նման իրավիճակների համար օրենսդրորեն սահմանված խաղի կանոններ լինեն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: