Նոյեմբերի 1-ին ավարտվեց ոստիկանության չորս ուղղություններից ևս երկուսի՝ Քրեական ու Համայնքային ոստիկանությունների ձևավորումը։ Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվեցին: Այսպիսով՝ իրավապահ կառույցներն անցնում են ուղղաձիգ կառավարման՝ մարզայինի փոխարեն ենթարկվելով հանրապետական ղեկավարությանը: Սա, ըստ վարչապետի, կստեղծի հակակշիռների մեխանիզմ և աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:
Ձևավորված տարածքային ստորաբաժանումներից յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու կոնկրետ խնդրի համար: Քրեական ոստիկանությունն, օրինակ, իրականացնելու է բացառապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման գործունեություն։ Համայնքային ոստիկաններն էլ կզբաղվեն ընտանեկան բռնության դեպքերին հակազդելով, կփորձեն անչափահասներին հանցավորությունից զերծ պահել: Կարևորվում է լիարժեք շփումը համայնքի հետ:
Քաղաքացիական հասարակությունը ոստիկանության նոր կառուցվածքի գաղափարը ողջունում է՝ եթե միայն իրագործումը լինի գաղափարին համահունչ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան