ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին, որ նա ցանկացել է բարեկամական խմբերում ներառվել, գնալ Ժնև, ելույթ ունենալ գերիների հարցի վերաբերյալ, բայց իրեն չեն ներառել։
Ալեն Սիմոնյանը գրել է.
«Քիչ առաջ խոսնակս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նեղսրտում, որ իշխանության հետ աշխատել չի լինում, որ մանր բաներ են անում իր հանդեպ, ուզում էր բարեկամական խմբերում ներառվել, բայց իրան չներառեցին, նույնիսկ ուզում էր գնալ Ժնև և ելույթ ունենալ գերիների հետ կապված: Մի խոսքով, մարդիկ ուզում են աշխատել, չեն թողնում:
Զավեշտալի է, որ պատգամավոր Քոչարյանը մտածում է, որ ՀՀ ԱԺ խորհուրդը ռեստորանի պես մի բան է, ուր կարելի է, երբ հարմար է, ուղարկել Սեյրան Օհանյանին, նա գա, պատվիրի, որ ուզում ենք, որ Լևոնը լինի՝
Հայաստան-Իրան բարեկամական խմբում,
Հայաստան- ԱՄՆ բարեկամական խմբում,
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովում,
և ԱԺ խորհուրդը պետք է պատվերը կատարի:
Ի դեպ, առաջին նիստին, որտեղ այդ հարցն էր քննարկվում, նույնիսկ Օհանյանը չէր եկել, երկրորդ նիստին հարց է հնչում, կարող եք հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է օրինակ՝ պատգամավոր Քոչարյանը լինի իրար հետ հակամարտող երեք երկրների բարեկամական խմբերում միևնույն ժամանակ, ինչը սովորաբար չի արվում հասկանալի պատճառներով, ո՞րն է դրա հիմնավորումը և միակ պատասխանը, որը «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, գեներալ Ս. Օհանյանը մեզ ասաց, այդ պահին չհամոզեց:
Հիմնավորումն էր.
-Դե ինքը անգլերեն լավ ա խոսում:
Ինչ վերաբերում է Ժնև գնալուն և միջխորհրդարանական համաժողովի ժամանակ գերիների մասին խոսելուն, պարզվում է, որ պարոն Քոչարյանին հարմար չէր գալ նախատեսված 4 օրվա համաժողովին, իրան հարմար է գերիների մասին խոսել առաջին երկու օրերի ընթացքում, հետո այլ տեղ ուներ գնալու: Գերիների համար խոսելու կոնկրետ օրեր ունի պարոն Քոչարյանը, հետո գործեր կան:
Դա տենց չի աշխատում, կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս:
Եթե նախկինում ձեզ տենցա հարմար եղել, էլ տենց չի ու տենց չի լինելու:
Ոչ հանձնաժողովների հասանելիք պաշտոններն են վերցնում, որ իրար մեջ կիսելու խնդիր չլինի, ոչ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն են վերցնում, որ հանկարծ Իշխան Սաղաթելյանին չնեղացնեն, նիստերին կիսատ-պռատ են գալիս, մի մասն էլ գալիս դռան մոտից կնոպկեն սեղմում ու դահլիճից դուրս վազում, որ աշխատավարձի խնդիր չլինի կամ մանդատից զրկելու հարց չլինի և այլն:
Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես, ասես՝ դե ես սա, սա ու սա եմ ուզում, իսկ սա չեմ ուզում:
Հ.Գ. Ի դեպ, պարոն Քոչարյանին, երևի չէին տեղեկացրել, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Իրան, ո՛չ ՌԴ խմբերի մեջ պրոֆեսոր Չարչյանը ներառված չի եղել, որ «ավտոմատ» պետք է իրեն մատուցվեր»: