СОР29 համաժողովին մասնակցող կողմերը հավանության են եկել կլիմայական ֆինանսավորման շուրջ: Այն ընդունվել է COP29-ի եզրափակիչ նիստում:
Հաստատվել են մի շարք քննարկումների զեկույցներ, հանդիպումների արձանագրություններ, ինչպես նաև համաձայնեցվել են փաստաթղթեր:
Լիագումար նիստում ամբողջությամբ հավանության է արժանացել Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածը: 6-րդ հոդվածը նախատեսում է հուսալի ու թափանցիկ ածխածնի շուկաներ այն երկրների համար, որոնք համագործակցում են կլիմայական նպատակներին հասնելու համար:
Կողմերը հասել են վերջնական համաձայնության՝ մինչև 2035 թվականը տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ դիմակայելու կլիմայի փոփոխություններին։
Այդ միջոցները տրամադրվելու են բոլոր հնարավոր աղբյուրներից՝ ներառյալ պետական և մասնավոր: Փաստաթուղթը կոչ է անում զարգացող երկրներին իրենց ներդրումը ունենալ կլիմայի ֆինանսավորմանը՝ կամավոր հիմունքներով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին պատվիրակությունները չէին կարողանում ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը:
Հայտնի է, որ հիմնական հակասությունները ծավալվել են զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար հատկացվող գումարի շուրջ:
Օրերս տարածվել էր COP-29-ի եզրափակիչ կոմյունիկեի միջանկյալ տարբերակը, որի համաձայն՝ զարգացած երկրների իշխանությունները պետք է ձգտեն մինչև 2035 թվականը տարեկան 250 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում օգնելու համար: