Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավարության, ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների և հրթիռային համակարգեր մշակողների հետ։
Վլադիմիր Պուտինն անդարադարձել է «Օրեշնիկ» անունը ստացած գերձայնային հրթիռին, որով ռուսական ուժերն օրերս հարվածել են Ուկրաինայի Դնեպր քաղաքին: Կրեմլի ղեկավարը շնորհավորել է ներկաներին հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ: Նա հավելել է, որ «Օրեշնիկը» հին, խորհրդային համակարգերի արդիականացման արդյունք չէ, այլ ամբողջովին ժամանակակից զենք է:
«Ինչպես արդեն ասվել է, կշարունակենք փորձարկումները, այդ թվում՝ մարտական պայմաններում՝ կախված անվտանգային սպառնալիքների բնույթից: Առավել ևս որ այդպիսի համակարգերի պաշարներ ունենք»,- մանրամասնել է Պուտինը։
«Այսօր այս հրթիռներին հակազդելու միջոցներ աշխարհում չկան»,- նշել է նա, հավելել՝ Ռուսաստանը նմանատիպ այլ համակարգեր էլ ունի, որոնք պետք է փորձարկվեն:
Հանդիպման ժամանակ ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր հրամանատարը նշել է, որ հեռահարության շնորհիվ «Օրեշնիկ» հրթիռները կարող են հարվածել թիրախների ամբողջ Եվրոպայում։
«Զենքի այս տեսակի զանգվածային օգտագործումը համեմատելի կլինի միջուկային զենքի օգտագործման հետ»,- եզրափակել է Սերգեյ Կարակաևը։