Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը և COP-29-ի ավարտից հետո պետք է շարունակեն խորհրդակցությունները: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Համաժողովը պետք է ավարտվեր երեկ երեկոյան, սակայն այդ վերջնաժամկետին փոխզիջման հասնել չի հաջողվել, և այժմ բանակցողները ստիպված կլինեն Ադրբեջանում մնալ նախատեսվածից ավելի երկար:
Ադրբեջանական կողմն իր հերթին խոստացել է շարունակել աշխատանքը՝ «ավելի արդար և հավակնոտ նպատակների» ուղղությամբ:
Ռադիոկայանը նշել է, որ հիմնական հակասությունները ծավալվել են զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար հատկացվող գումարի շուրջ: Ավելի վաղ կազմակերպիչները տարածել էին եզրափակիչ կոմյունիկեի միջանկյալ տարբերակը, որում ասվում էր, որ զարգացած երկրների իշխանությունները պետք է ձգտեն մինչև 2035 թվականը տարեկան 250 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում օգնելու համար:
Ավելի վաղ նշվում էր, որ կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը նախատեսում է տարեկան առնվազն 1,3 տրիլիոն դոլարի հատկացում: