Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք»,- նշեց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանում տեղի է ունենում մեծ միջազգային համաժողով՝ COP29-ը, և կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա:
«Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: