Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործարքը այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, սոցիալ-հոգեբանական և բոլոր մակարդակներում ընդունեն, որ Խորհրդային Ադրբեջանը իր տարածքով անկախ Ադրբեջանն է, իսկ Խորհրդային Հայաստանը իր տարածքով անկախ Հայաստանն է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է ֆիքսեն այս իրողությունը, քաղաքական և մի շարք մեզ հայտնի առումներով հանգիստ թողնեն իրար, չքչփորեն իրար, ժողովրդական լեզվով ասած՝ չբզբզեն իրար, սկսեն կամաց-կամաց կոմունիկացիաների բացումով տնտեսական կապեր հաստատել, շատ թույլ, շատ զգույշ, որը համոզված եմ, հետո շատ մեծ տեմպերով աճելու է բնականոն ձևով, ոչ արհեստական, և մտածեն հետևյալի մասին, որ այնուամենայնիվ, հարավկովկասյան 3 պետությունները ունեն ընդհանուր շահեր և կարող են ունենալ ընդհանուր հետաքրքրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ դա է ռազմավարական գործարքի վերնագիրը կամ նախաբանը։
Հարցին, թե արդյոք կա ակնկալիք, որ խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կկնքվի, Փաշինյանն ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, որ ես իմ բաժին աշխատանքը, որ դա տեղի ունենա, 100 տոկոսով, և մի բան էլ ավելի կանեմ»: