2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է։ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերի վերանայման հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է. իհարկե, դա կապված է աշխատատեղերի թվի աճի հետ։ Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում` 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է փոփոխված ծրագրին՝ այն գործելու է 2025 թվականի հունվարի մեկից։ «Մենք պիլոտային դա կկիրառենք երկու մարզում. հնարավոր է՝ Սյունիքի և Կոտայքի մարզում։ Ըստ վիճակագրության՝ Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրվում է, որ այդ առումով հարմար է. նախնական լարվածությունն ավելի քիչ կլինի։ Գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման համակարգը փոխենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։