Ուկրաինան և ՆԱՏՕ-ն մտադիր են նոյեմբերի 26-ին Խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ կապված Ռուսաստանի կողմից Դնեպրի վրա հարձակման համար նոր տեսակի բալիստիկ հրթիռի կիրառման հետ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան՝ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Կիևը Ուկրաինա-ՆԱՏՕ ձևաչափով նիստ է նախաձեռնել, քանի որ ՌԴ-ի կողմից նոր զենքի կիրառումը սպառնալիք է ողջ անդրատլանտյան անվտանգության համար: Սիբիհան հստակեցրել է, որ հանդիպման առանցքային հարցը կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը:
«Մենք կբարձրացնենք նման տեսակի զենք արտադրելու՝ ՌԴ հնարավորությունների սահմանափակման և ՌԴ պաշտպանական ոլորտի հնարավորությունների կրճատման հարցը, որը, չնայած բոլոր պատժամիջոցներին, շարունակում է աճել։ Դա փաստ է»,- հայտնել է Սիբիհան։ Նա նշել է, որ Ուկրաինան այդ նիստից հետո ակնկալում է հստակ բովանդակային արդյունքներ:
Ավելի վաղ AFP-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր նման նիստի նախապատրաստման մասին: