Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Իրանին՝ միջուկային խնդրի շուրջ ոչ բավարար համագործակցության համար: Փաստաթղթում քննարկվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2019 և 2020 թվականներին հայտնաբերված չհայտարարագրված օբյեկտներում ուրանի չբացատրված հետքերի առկայությունը:
Բանաձևը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն, այն հավանության են արժանացրել 35 երկրից 19-ը: Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, 12 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձևով ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին կառավարիչների խորհուրդը խնդրում է մինչև 2025 թվականի գարուն համապարփակ զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտել ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևը և այն անվանել «քաղաքականապես մոտիվացված, անիրատեսական և ոչ արդյունավետ քայլ»:
Նախորդ շաբաթ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին այցելել էր Իրան՝ հորդորելու երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ բարելավել համագործակցությունը Գործակալության հետ: