Պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են, բայց նաև պարտադիր չի, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ ինչպես ասել եմ, տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված, բայց նաև ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենք իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանեց, թե դա ինչ է նշանակում։ «Բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որ կամ 2018 թվականից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, և մինչև օրս էլ այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն։
Մեր բոլոր գործընկերները, ովքեր թողել են իրենց պաշտոնը, իրենց պաշտոններում, բոլորը՝ առանց բացառության, արել են համակարգային փոփոխություններ։ Օրինակ՝ ՆԳՆ-ն. ոստիկանությունն այսօր վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ, հետագայում՝ նաև ՆԳ նախարար։ Նույնը կարող ենք ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը, ըստ էության, զրոյից ձևավորված մարմին է։
ՔԿ-ն ահռելի համակարգային և կադրային փոփոխություններ է արել, ՏԿԵՆ-ը. տեսեք՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում։
ՊԵԿ-ը շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել, և հիմա հաջորդ հարցը՝ փոփոխության պատճառը. շատ կարևոր նրբություն կա. իմ ընկալումն է գոնե այդպիսին, որ ղեկավարը մի կողմից պետք է համակարգը առաջնորդի և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից, և հետագա համակարգային փոփոխությունը իրականացնել; Ընդհանրապես իմ այս փորձը, դիտարկումը ցույց է տալիս, որ այդ թվում պետական կառավարման համակարգում լինում է և գալիս է մի պահ, որ այդ փոփոխությունները բերող ղեկավարները, առաջնորդները մի իքս պահից, գուցե նաև անխուսափելիորեն կամ ոչ բոլորին է դա հաջողվում, դառնում են իրենց համակարգի մաս, այսինքն՝ նույն տեմպով շարունակելը փոփոխությունների, բարեփոխումների պրոցեսը հնարավոր չի դառնում»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։