Նոյեմբերի 18-22-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։
Առաքելությանը ԵՄ-ի կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո Տիտտարելլիին։
Օրակարգում ներառվել են ԵՄ կարգավորումների մասին զեկույցներ, գիտական հետազոտությունների և գործնական փորձի ներկայացումներ, շնորհանդեսներ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ և քննարկումներ Հայաստանի գյուղատնտեսական պրակտիկաներում միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն փորձի ներդրման մասին։
«Նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի համար կայուն և էկոլոգիական գյուղատնտեսության անցնելու ճանապարհին՝ բարձրացնելով արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի որակն ու մրցունակությունը»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։