Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում կենսաբանության ուսուցիչ Աշոտ Մաշուրյանին նախորդ տարի դժվարությամբ հաջողվեց հավաքել «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբային ուսուցման մասնակիցներին։ Ուսուցչի խոսքով՝ շատերը թերահավատորեն էին մոտենում և կարծում էին, որ հերթական խմբակն է լինելու։ Հիմա արդեն ուսուցիչները ֆիլտրում են, քննարկում, թե որ աշակերտին ներգրավեն խմբակում։
«Տարեցտարի այս խմբակով հետաքրքրվողների թիվն ավելանում է, այս պահին մոտ 40 երեխա է ներգրավված «Ագրոտեխնոլոգիա» խմբակում՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների շարքում։ Արդեն ուսուցիչների համար է դժվար, քանի որ մենք ստիպված ենք արդեն ընտրություն կատարել և շեշտը դնել որակի վրա․ ընտրում ենք այն երեխաներին, որոնք գյուղատնտեսությունից գաղափար ունեն և կկարողանան առաջիկայում ավելի լավ արդյունք ապահովել, որոնց հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ կան ժամանակակից, ճշգրիտ գյուղատնտեսությունում»,- ասում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի ղեկավարը։
Արդեն երկրորդ տարին է, որ Աշոտ Մաշուրյանը և իր աշակերտները մասնակցում են «Հորիզոններ» ծրագրին։ Ուսուցչի խոսքով՝ երեխաներին առաջարկվել է պատրաստել նախագծային աշխատանքներ, որի վրա էլ նրանք այս պահին աշխատում են։ Աշոտ Մաշուրյանի խոսքով՝ աշակերտներ կան, որոնք սեփական բիզնես նախագծերն ունեն՝ մասնավորապես ջերմատան ու ցորենի աճեցման վերաբերյալ։ Դուալ կրթությունը բավականին հետաքրքիր միջավայր է ձևավորում, փոխվում է ուսուցման վերաբերյալ երեխաների պատկերացումը։
«Շատ կարևոր է, որ դպրոցում կիրառվող ծրագրերն ունենան գործնական կոմպոնենտ, երեխաները բավականին շատ տեսական գիտելիքներ ունեն, բայց պրակտիկ միջավայրում նրանք դժվարանում են այդ ամենը կիրառել, կարող են հիանալի բացատրել հողի քիմիական բաղադրությունը, բայց երբ անձամբ շփվեն հողի հետ, ուրիշ զգացողություններ կունենան։ Այդ առումով շատ կարևոր է նաև դպրոցներում լաբորատորիաների առկայությունը»,- շարունակում է Աշոտ Մաշուրյանը։
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում բնագիտական առարկաներին։ Այս տարվա ընթացքում դպրոցի սաները մասնակցել են մի շարք փառատոների, օլիմպիադաների, ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, զբաղեցրել հաղթական հորիզոնականներ։ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն «Իմ քայլը» հիմնադրամից նվեր է ստացել աստղադիտակ ու վրաններ։ Քանի որ Գորիսը հայտնի է մառախլապատ օրերով, դպրոցում սպասում են բարենպաստ եղանակի․ ուսուցչի հետ արդեն պայմանավորվել են՝ երբ պարզ երկինք լինի, կգնան քաղաքից դուրս, իրենց հետ վերցնելով նաև վրանները, և կբացահայտեն երկնային կյանքի գաղտնիքները։