ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է GIS International Day՝ Աշխարհատեղեկատվական համակարգերի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն այս տարի անցկացվում էր «GIS խելացի քաղաքների համար» թեմայով։
Գևորգ Մանթաշյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` կարևորել Աշխարհատեղեկատվական համակարգերի օրվան նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով ամենօրյա աշխատանքում տվյալահենք քաղաքականությունների դերն ու նշանակությունը Հայաստանի առաջանցիկ զարգացման համար.
«Այս միջոցառումն ուղղված է մեր հայրենիքին նվիրված աշխարհատեղեկատվական տեղեկությունները դասակարգելու, կանոնակարգելու և դրանց հիման վրա վերլուծություններ անելով քաղաքականություններ վարելուն»,- նշել է Գևորգ Մանթաշյանը՝ հավելելով, որ սա կավելացնի աշխատանքի արդյունավետությունը՝ տվյալահենք քաղաքականություններ վարելու ճանապարհին հնարավորություն ընձեռելով շոշափելի արդյունքներ գրանցել։
GIS-ի միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնք Հայաստանում կարզմակերպվում և անցկացվում են «Գեովայբ» ընկերության կողմից 2021 թվականից ի վեր, նպատակ ունեն բացահայտելու, ուսումնասիրելու և քննարկելու GIS տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ներկայացնելու GIS ոլորտի նորագույն միտումները, կիսվելու GIS-ի ներդրման հաջողված պատմություններով, հզորացնելու տեղական աշխարհատեղեկատվական համայնքը:
GIS International Day 2024-ն այս տարի «Գեովայբ»-ն իրականացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ համագործակցությամբ։
GIS միջազգային օրը նշվում է աշխարհով մեկ և համարվում է խոշոր և կարևոր ամենամյա միջազգային մասնագիտական տոն։