Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին՝ նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։
«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա: Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։ Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: