ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Կամո Ցուցուլյանն իր խոսքում նշել է, որ Բանկի կողմից իրականացված ծրագրերով աջակցությունը մեծապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ այս հանդիպումից ակնկալում է համագործակցության ամրապնդման և ընդլայնման հնարավորություններ։
Լեա Հաքիմը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ այցի նպատակն է «Զարգացման քաղաքական գործառնություն» ծրագրի շրջանակում քննարկել աղետների ռիսկի կառավարման հետ կապված բարեփոխումները։ Նա կարևորել է մասնավորապես այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դիմակայել կլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերներին՝ միաժամանակ ամրապնդելով երկրի կարողությունները ծայրահեղ կլիմայական երևույթներին դիմակայելու համար։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները և, որպես առաջնահերթություն, ներկայացրել այն խնդիրները, որոնք կապված են ջոկատների շենքային պայմանների բարելավման, նորարարական տեխնոլոգիաներով ու մեթոդներով վերազինման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման միջոցառումների կիրարկման հետ։
Նա մասնավորապես շեշտել է, որ այդ բարեփոխումները խիստ կարևոր են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և բնական աղետների կանխարգելման ոլորտում երկրի պատրաստականությունն ապահովելու համար։
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև միասնական կառավարման կենտրոնի ստեղծման՝ արագ արձագանքման և ազդարարման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման համակարգի զարգացման հարցերին։ Նշվել է, որ նման համակարգերի բարելավումն օժանդակելու է ռիսկերի կառավարման ամբողջականությանը և արդյունավետությանը՝ նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանն ու դիմակայունության բարձրացմանը: