Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինն իր հատուկ ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն և հայելային կպատասխանի էսկալացիային։
Ռուսական նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկումների ընթացքում ոչնչացման ենթակա օբյեկտները կորոշվեն՝ հիմք ընդունելով Ռուսաստանին ուղղված սպառնալիքները, հայտարարել է նա։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին։ Անհրաժեշտության դեպքում և որպես պատասխան միջոցներ ընտրելով Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկի» նման համակարգերով ոչնչացման թիրախներ, մենք նախապես կառաջարկենք խաղաղ բնակիչներին, ինչպես նաև կխնդրենք այնտեղ գտնվող բարեկամ պետությունների քաղաքացիներին լքել վտանգավոր գոտիները՝ ասել է Պուտինը։ Ըստ նրա՝ այդ հրթիռները թիրախները խոցում են 2,5-3 կիլոմետր վայրկյան արագությամբ, և ժամանակակից ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը չեն կարող որսալ դրանք։ «Մենք միշտ նախընտրել ենք և այժմ էլ պատրաստ ենք բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց պատրաստ ենք նաև իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե որևէ մեկը դեռ կասկածում է, ապա իզուր. պատասխանը միշտ կլինի»,- նշել է նա:
Պուտինը նաև պնդել է, թե Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերել Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։ «Մեր ՀՕՊ համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։ Արդյունքում՝ այն նպատակները, որոնք ակնհայտորեն դրել էր հակառակորդը, չեն իրականացվել։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ հակառակորդի կողմից նման զինատեսակների կիրառումը չի կարող ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Մեր զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն»,- հայտարարել է Պուտինը։
Նա նաև տեղեկացրել է, որ Մոսկվան մշակում է միջին և փոքր հեռահարության հրթիռներ՝ Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու` ԱՄՆ ծրագրերին ի պատասխան։
Պուտինը նաև Վաշինգտոնին մեղադրել է 2019 թվականին, իր բնորոշմամբ՝ հորինված պատրվակով, Միջին և փոքր հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը միակողմանիորեն չեղարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: