2024 թվականի նոյեմբերի 21-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ICC) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նոյեմբերի 5-ին պաշտոնանկ արված երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից Մոհամմեդ Դեյֆին ձերբակալելու օրդեր է տվել։ Այդ մասին ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նեթանյահուն և Գալանտը մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։ Գործի նյութերի համաձայն՝ ՄՔԴ-ի մինչդատական պալատը եզրակացրել է, որ ամբաստանյալները միտումնավոր Գազայի խաղաղ բնակչությանը զրկել են գոյատևման հիմնական պայմաններից՝ սննդի, ջրի, դեղորայքի, բժշկական պարագաների, վառելիքի և էլեկտրաէներգիայի հասանելիությունից:
Դատարանը նշել է նաև, որ Իսրայելը չի կարող վիճարկել այս գործով ՄՔԴ-ի իրավասությունը, ինչպես նաև մերժել է հետաքննությունը դադարեցնելու խնդրանքը։
ՄՔԴ-ն բացատրել է, որ ձերբակալության օրդերները տրվել են Նեթանյահուի և Գալանտի ներկայությունը դատարանում ապահովելու, ենթադրյալ հանցագործությունների շարունակությունը կանխելու և հետաքննությունը հնարավոր միջամտությունից պաշտպանելու համար։
Այս քայլը զգալի միջազգային ընդվզում է առաջացրել։ Միջազգային ԶԼՄ-ները Մերձավոր Արևելքի առանցքային երկրներից մեկի գործող վարչապետի դեմ ՄՔԴ որոշումն աննախադեպ են համարում։