Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հելսինկյան հանձնաժողովի նիստում, հայտարարել է, որ Ուկրաինան գոյատևման ծանր պայքար է մղում և չի ընդունի «կիսատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետության հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։
Ուկրաինացի դիվանագետը հավելել է, որ Կիևը չի ընդունի առանց իր մասնակցության մշակված որևէ նախաձեռնություն, ուկրաինացիները չեն ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով որևէ համաձայնագիր։ Արտգործնախարարի խոսքով՝ նման գաղափարները կնշանակեն միլիոնավոր մարդկանց թողնել ագրեսորի ձեռքում՝ դատապարտելով նրանց ցեղասպանության, խոշտանգումների ու ճնշումների։
Ուկրաինայի արտգործնախարարը համոզված է, որ Ռուսաստանին նոր տարածքներով պարգևատրելը չի վերականգնի խաղաղությունը, այլ կհրահրի հետագա ագրեսիա։ «Սա ոչ թե խաղաղություն է, այլ հանդարտեցում, որը նախկինում երբեք չի աշխատել և հիմա էլ չի գործի»,- ընդգծել է Սիբիհան: