Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական վեց հրթիռով, իսկ նոյեմբերի 21-ին` բրիտանական Storm Shadow և ամերիկյան արտադրության HIMARS համակարգերի համատեղ հրթիռային հարձակման ժամանակ հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռազմական թիրախներին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այդ պահից սկսած, ինչպես նախկինում բազմիցս ընդգծել ենք, Ուկրաինայում Արևմուտքի կողմից հրահրված տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր։ Մեր ՀՕՊ համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։ Արդյունքում, այն նպատակները, որոնք ակնհայտորեն դրել էր հակառակորդը, չեն իրականացվել։
Բրյանսկի շրջանի զինամթերքի պահեստում ATACMS հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով առաջացած հրդեհը մարվել է, զոհեր և լուրջ վնասներ չկան: Կուրսկի շրջանում հարձակում է իրականացվել մեր Հյուսիս խմբավորման հրամանատարական կետերից մեկի վրա։
Հարձակման և հակաօդային մարտերի հետևանքով, ցավոք, օբյեկտի արտաքին անվտանգության ստորաբաժանումների անձնակազմի և սպասարկող անձնակազմի մեջ եղել են զոհեր և վիրավորներ։ Վերահսկիչ կենտրոնի հրամանատարական և օպերատիվ անձնակազմը չի տուժել և ղեկավարում է մեր զորքերի գործողությունները Կուրսկի շրջանից հակառակորդի ստորաբաժանումները ոչնչացնելու և դուրս մղելու ուղղությամբ։
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ հակառակորդի կողմից նման զինատեսակների կիրառումը չի կարող ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա հատուկ ռազմական գործողության գոտում։ Մեր զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն»,- ասել է Պուտինը։