ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ:
Սարգիս Խանդանյանը կարևորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր երկրի զարգացման հիմքում եվրոպական հիմնարար արժեքներն են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը հարևան երկրների հետ: Այս համատեքստում Սարգիս Խանդանյանը կարևորել է Ադրբեջանի հետ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջերս ուժի մեջ է մտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ինչը կողմերի ստորագրած առաջին երկկողմ միջազգային իրավական փաստաթուղթն է:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: Նա կարևորել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, այդ համատեքստում անդրադարձել է Հայաստանում արևային էներգիայի զարգացման նախաձեռնություններին:
Անտոն Հոֆրայթերը եւս կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Նա նշել է, որ Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը մեր երկրին:
Հյուրը նաև կարևորել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը: