ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով շինաշխատանքներն ավարտելու համար: Որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար:
Գումար է հատկացվելու նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար:
«Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկեց՝ խոսքն ինչ օբյեկտների մասին է, ապա մարզպետներին խնդրեց տեղեկություն ներկայացնել այդ օբյեկտների կառուցման ընթացքի մասին, և թե արդյոք ժամկետներ խախտվե՞լ են այն օբյեկտների պարագայում, որոնք նախագծով նշված է, որ արդեն իսկ պետք է գործարկված լինեն: