Հաշվի առնելով բռնի տեղահանումից ի վեր ԼՂ-ից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ նախկինում գործում էր «40+10 հազար» աջակցության ծրագիրը, որը պետք է գործեր մինչև 2024 թվականի դեկտեմբերը:
«Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: Այս ամիսների ընթացքում՝ մինչև մարտ, ըստ էության, շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024-ին, այստեղ շատ փոփոխություն չի լինի, սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ, մենք առաջարկում ենք սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ՝ միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերից հետևյալ անձանց. մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց:
Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով»,- ասաց նախարարը:
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ որոշումը պայմանավորված է մի քանի պատճառով. նախ՝ 2024-ի հունիսից արդեն իսկ մեկնարկել է բնակարանային պետական աջակցության ծրագիրը, որը շահառուների առանձին խմբերի համար հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակելի տարածք, իսկ մյուս մասը կարող է շահառու դառնալ եկող տարվա սկզբից:
«Հաջորդ պատճառն այն է, որ ունենք դրական միտում՝ ներառվելու մասով, որովհետև երբ հետևում ենք, որ բավականին մեծ թվով՝ շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, որոնք 18-60 տարեկան անձանց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում, կարծում ենք, որ պետական աջակցությունը պետք է աստիճանաբար հասցեագրվի առավել թիրախային և երկարաժամկետ լուծումների նպատակով, հատկապես՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ աշխատունակ մարդուն քայլ-քայլ պետք է հրաժարվել ընդհանրապես աջակցություն տրամադրելուց՝ հիշեցնելով իր այն դիտարկումը, թե աղքատությունը պետք է հաղթահարել միայն աշխատանքով:
«Բայց մյուս կողմից էլ` սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն, որովհետև, կներե՛ք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,- ասաց նա: