Ապապետականությունն ամեն անկյունում է: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դեպքերին, երբ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման համար պահանջ է դրվել այս կամ այն համայնքի կողմից, կատարվել է, բայց երբ վարչապետն այցելել է կատարված աշխատանքները դիտարկելու, պարզվել է, որ, օրինակ, քաղաքացին նոր արված ասֆալտը քանդել է, իր շեմի դեմը կամ ավազ, աղյուս, քար է թափել, ցեմենտ է արել ասֆալտի վրա՝ վնասելով կատարված աշխատանքը:
«Մարզպետ կա, համայնքի ղեկավար կա, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ: Ի՞նչ, վախենում են՝ էդ պապու թոռան ձայնը կորցնե՞ն ընտրություններում: Մեզ ձայնը պետք է, որ տանեք, մայթերը քանդե՞նք, թե՞ մայթերը սարքենք:
Մի ուրիշ բան ասեմ մերկանտիլ քաղաքական հաշվարկով. երբ մենք գնում ենք, այդ ավազը մաքրել ենք տալիս, 1 մարդու ձայն կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում ենք, որովհետև մարդն ասում է՝ ուրեմն այստեղ պետություն կա, օրենք կամ կարգուկանոն կա:
Եվ ես ուղիղ ասում եմ. համայնքներում պատահական մտնելու եմ, որ մարզում որ տեսա, որ 66, 157, չգիտեմ՝ 06, 31, «պրավիլնի ֆորմա» քար, աղյուս, ավազ, բետոն, սա պրոբլեմ է առաջացնելու, որովհետև 6 տարվա ընթացքում գործնականում նման մարմին չկա, որի ղեկավարին նման հարցով զանգած չլինեմ: Չկա նման մարմին ուղղակի: Արդեն բոլորին ոչ հրապարակային ձևերով ասել եմ տասնյակ անգամներ. ես ակնկալում եմ, հարգելի՛ մարզպետներ, նախարարներ էլ, շրջե՛ք, նայե՛ք... Չեմ ասում՝ գնանք միանգամից ոստիկանությունով, հատուկ նշանակության ջոկատով, «մասկեքով» մարդկանց վրա տանք, նախ պետք է խնդրել, ասել՝ մի՛ արեք, ժողովո՛ւրդ ջան, որովհետև կարծում եմ՝ և՛ տրամաբանական է, և՛ բարոյական է ինչ-որ մենք ակնկալում ենք: Կներեք, 4-րդ անգամ պետք է հարկադրանքի միջոց կիրառվի, և վարչական որոշակի միջոցներ պետք է ձեռնարկվեն, որովհետև դա անհարգալից է հանրության նկատմամբ, որի միջոցներով այդ ճանապարհները կառուցվել են, նորոգվել են, վերանորոգվել են:
Մենք թերագնահատում ենք, բայց սա մեր մտածողության արդյունքներն են բոլոր տեղերում՝ փողոցում, թաղամասում, ամեն տեղ, և մենք այս խնդիրը պետք է լուծենք»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև պարեկային ոստիկանության դերը. «Ինչի՞ համար ենք ներդրել պարեկային ոստիկանությունը. նաև այն տրամաբանության, որ պարեկային ոստիկանությունը պետության աչքն է առաջին հերթին, և մեր հարգելի պարեկները պետք է հասկանան, որ իրադրությունների կողքով պետք է անտարբեր չանցնեն»: