Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջին օրերի կադրային փոփոխություններին, ապա շնորհակալություն հայտնեց պաշտոնը թողած իր գործընկերներին՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, կատարած աշխատանքի համար:
Փաշինյանը հիշեցրեց, որ նորանշանակ պաշտոնյաներից ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին արդեն իսկ ներկայացրել է գերատեսչություններում:
«Շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում:
Նաև Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր գրել: Դավիթ Խուդաթյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարար: Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարար: