ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ միջուկային զսպման ոլորտում ռուսական դոկտրինի թարմացումը չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել։
«Այս պահին ես որևէ նշան չեմ տեսնում, որ կա միջուկային զենք օգտագործելու անմիջական մտադրություն»,- ասել է Օսթինը՝ NBC-ի հետ հարցազրույցում։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ չի տեսնում «փոփոխություններ Ռուսաստանի ռազմավարական ուժերի դասավորվածության մեջ»:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «մի քանի շաբաթ է, ինչ տեղյակ է, որ Ռուսաստանը վերանայում է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ իր քաղաքականությունը և Պենտագոնը կշարունակի պահպանել զգոնությունն այդ հարցում»։
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում ռուսական պետական քաղաքականության հիմունքները։