Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի նորացված միջուկային հայեցակարգի հաստատումից հետո բոլոր կողմերին կոչ են արել հանգստություն ու զսպվածություն ցուցաբերել՝ առաջ մղելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով դեէսկալացիային ուղղված ջանքերը, որպեսզի նվազեցվեն ռազմավարական ռիսկերը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը:
Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին նշել է, որ Պեկինի դիրքորոշումը չի փոխվել՝ հուսով է, որ «բոլոր կողմերը կձգտեն դեէսկալացիայի և հավատարիմ կլինեն քաղաքական կարգավորմանը»:
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքները։
«Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան իր և (կամ) դաշնակիցների դեմ միջուկային ու զանգվածային ոչնչացման մյուս տեսակի զենքերի կիրառման, ինչպես նաև սովորական զենքերի կիրառմամբ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությանը վտանգ է սպառնում»,- ասվում է հայեցակարգում։