ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Առաջնորդվելով այդ նախաձեռնությամբ՝ Երևանի թիվ 112 ավագ դպրոցը սեպտեմբերին հայտարարել էր «Մշակույթը՝ այցեքարտ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի մեկնարկը:
Նախաձեռնության նպատակն էր խթանել սովորողների մեջ հետաքրքրությունն ազգային մշակույթի, ինքնության, մասնավորապես՝ կերպարվեստի, քանդակագործության և ճարտարապետության նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել լուսանկարչությունը՝ որպես արվեստ և ճանապարհ դեպի ճանաչողություն:
Յուրաքանչյուր դասարան ներկայացրել է Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների հեղինակային լուսանկարներ՝ ստեղծելով QR կոդեր, որոնք պարունակում են լիարժեք տեղեկատվություն տվյալ ստեղծագործությունների և հեղինակների վերաբերյալ: Նախաձեռնության կարևոր վերջնարդյունքներից են սովորողների համագործակցային հմտությունների և կարողությունների զարգացումը, ազգային մշակույթն ուսումնասիրելու և ճանաչելու, մշակույթի՝ որպես այցեքարտի դերն արժևորելու և ներկայացնելու հնարավորությունը, իսկ QR կոդերի ստեղծումը՝ բարելավելու մեդիագրագիտության հմտությունները:
«Մշակույթը՝ այցեքարտ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում, որին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի ճարտարապետական և քանդակագործական արժեքավոր կոթողների շուրջ 55 հեղինակային լուսանկարներ՝ QR կոդերով։