Նոյեմբերի 20-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:
Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` բուժառուները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`
-
հազ
-
դժվարացած շնչառություն
-
ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:
Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`
-
ծխելը (80-90%).
-
շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը.
-
ժառանգական նախատրամադրվածությունը.
-
տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ.
-
անամնեզում ստորին շնչուղիների կրկնվող վարակները:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`
-
վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ.
-
ծխելը դադարեցնելով.
-
ֆիզիկական ակտիվությամբ.
-
գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով պատվաստմամբ:
Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է: