Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը։ «Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում» անունը կրող փաստաթուղթը բաղկացած է 26 կետից։ Դրա համաձայն՝ միջուկային ոլորտում Դաշնության քաղաքականությունը կրում է պաշտպանական բնույթ, նպատակ ունի զսպելու հնարավոր թշնամու ագրեսիան Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ:
«Միջուկային զենքի կիրառումը դիտարկվում է որպես ծայրահեղ և հարկադրված միջոց: Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ կանխելու միջպետական հարաբերությունների սրումը, որը կարող է հանգեցնել ռազմական հակամարտությունների, այդ թվում՝ միջուկային»,- ասված է փաստաթղթում:
Ըստ դոկտրինի՝ նախագահը կարող է միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը վտանգ սպառնա:
«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել, եթե նրա կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման կամ կրիտիկական վտանգ ներկայացնող սովորական զենք կիրառվի»,- ասված է փաստաթղթում:
Կրեմլի խոսնակը, մեկնաբանելով նոր դոկտրինը, նախազգուշացրել է, որ Մոսկվան կարող է միջուկային պատասխան տալ, եթե Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ արևմտյան ոչ միջուկային հրթիռներ կիրառի:
«Միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ ոչ միջուկային պետության ագրեսիան Ռուսաստանի դեմ համարվում է համատեղ հարձակում»,- նշել է Դմիտրի Պեսկովը: