Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությանը քվեարկության գաղտնիության խախտումների վերաբերյալ: Սալոմե Զուրաբիշվիլու անունից հայցը ներկայացրել է նրա ներկայացուցիչ Էկա Բեսելիան։
«Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ Սահմանադրական դատարանին, այլ այն պատճառով, որ ցանկանում եմ փորձության ենթարկել այն դատավորների խիղճը, որոնք կհայտնվեն ընտրության առջև, թե ինչ երկիր ենք ուզում լինել, և թե որ ուղղությամբ պետք է շարժվի այդ երկիրը»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, մեկնաբանելով Զուրաբիշվիլու քայլը, նշել է՝ նա օտարերկրյա ազդեցության գործակալ է և գործում է այնպես, ինչպես նրան հրահանգում են: