Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին բանակցություններն ընթանում են լարված մթնոլորտում՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հյուրընկալելով COP-29-ը՝ Ադրբեջանը պետք է միջնորդի դեր խաղար՝ փորձելով հարթել զարգացած երկրների կողմից զարգացող և կլիմայական փոփոխության տեսանկյունից խոցելի երկրներին ամենամյա ֆինանսական աջակցության վերաբերյալ տարաձայնությունները, սակայն Բաքուն մոտ է այդ առաքելության տապալմանը:
Մասնավորապես, կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը, որը մշակվել է COP-29-ի շրջանակում, նախատեսում է տարեկան առնվազն 1,3 տրիլիոն դոլար (1,23 տրիլիոն եվրո) հատկացնել կլիմայի պաշտպանության միջոցառումներին: Սակայն այժմ, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, բանակցություններ են ընթանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ընդամենը 300-500 մլրդ դոլար ամենամյա հիմնադրամ ստեղծելու շուրջ: Իսկ այդ բանակցությունների ձախողումը կարող է լուրջ հարված հասցնել ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ ողջ քաղաքականությանը:
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ցանկանում մեծ ֆինանսական բեռ վերցնել իրենց վրա՝ փոխարենը փորձելով ֆինանսավորման գործընթացում ներգրավել խոշոր տնտեսություններ ունեցող զարգացող երկրների, օրինակ՝ Չինաստանին և Կատարին: Ֆինանսական ներդրում ունենալու պատրաստակամություն են հայտնել Հարավային Կորեան և ԱՄԷ-ն: