Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել:
Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Ցուցարարներն էլ համաձայնել են լքել երկրի կառավարական համալիրը։
Բժանիայի հրաժարականը Աբխազիայի խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 19-ին: Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ինքնահռչակ երկրի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը: Փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա երկրի ղեկավարի պաշտոնակատար։
Արդեն մի քանի օր է՝ Աբխազիայում չեն դադարում բողոքի ցույցերը: Ընդդիմադիրները դեմ են արտահայտվել ինքնահռչակ հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացմանը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է Աբխազիայի տնտեսական ինքնիշխանությունը։ Ընդդիմության ներկայացուցիչները նոյեմբերի 15-ին գրավել են կառավարական շենքերը Սուխումում՝ պահանջելով նախագահ Բժանիայի և կառավարության հրաժարականը: