ՇՄ նախարարությունից տեղեկացնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Շիրակի հյուսիսում զբոսաշրջությունը զարգացնելու և Արփի լճի գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ նախօրեին Շրջակա միջավայրի նախարարությունում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների և «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների կազմակերպման հնարավորությունները, որից հետո պատասխանատուները համատեղ քննարկել են մրցութային եղանակով նավավարության ծառայություններ ձեռք բերելու և Արփի լճում նավավարության նպատակով զբոսաշրջիկներին նավակներ հատկացնելու հնարավոր հեռանկարները։