Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Փարիզի քաղաքապետին՝ Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ բացառիկ ուշադրության, համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցության համար։
Դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ շեշտել է Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Հայաստանին աջակցող բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար դժվարին շրջանում քաղաքապետի՝ Հայաստան կատարած այցերը, Փարիզում Հայաստանի Էսպլանադի բացումը և բազմաթիվ այլ նախաձեռնություններ։