Վարդաշենում ունենք 180 բնակարան, որոնք վթարային են, այսինքն՝ երկու շենքն էլ վթարային է, և այդտեղ ունենք նաև հոսող հողեր, որտեղ փաստացի, նույնիսկ ներդրումային ծրագրով, չենք կարողանում իրականացնել որևէ նախագիծ: Այդ մասին Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե իշխող ուժի ներկայացուցիչները չեն հանդիպել վարդաշենցիների հետ:
«Վարդաշենի բնակիչների տեղափոխության հարցով մեզ անհրաժեշտ է Կառավարության աջակցությունը… Ուզում եմ՝ իմանաք, որ հարցի արժեքը մոտ 3,5 մլրդ դրամ է»,- ասաց Ավինյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ մի քանի անգամ այցելել է Վարդաշեն:
Ըստ քաղաքապետի՝ բնակիչների հետ խոսել են նաև իշխող խմբակցության ներկայացուցիչները:
Ընդդիմության դիտարկմանը, թե բնակիչներն ասում են, որ, այդուամենայնիվ, չեն այցելել իրենց, արձագանքեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը. «Վերջին անգամ երևի մի 2 շաբաթ առաջ եմ հանդիպել բնակիչների հետ քաղաքապետարանի շենքում: Ես իրենց բառացի տեղեկացրել եմ, նաև հիմա հանրայնացնեմ՝ ներկա պահին քաղաքապետարանն իր ուժերով չի կարող իրականացնել ամբողջ ծավալի գործընթացը, և հիմա մենք ներկայումս Կառավարության հետ ունենք որոշակի քննարկում, որ տեսնենք՝ ինչ միջոցներ ենք գտնում, որպեսզի կարողանանք լուծել բնակիչների հարցը»:
Ըստ Փամբուխչյանի՝ դիտարկվում է նաև ռենովացիոն ինչ-որ փորձի կիրառությունը ներդրումային ծրագրով, սակայն տեղանքը ոչ նպատակահարմար է բիզնեսի, ներդրումներ անելու համար, որպեսզի գոնե բնակիչներին այլ բնակարան հատկացվի, կամ տվյալ հատվածում այլ շենք կառուցվի:
«Այնպես որ՝ մի փոքր բարդ գործընթաց է, բայց չի վրիպել մեր ուշադրությունից»,- ասաց նա: