Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավելի է հավաքել: Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքվում՝ տուրքերի, վճարների տեսքով, զրո: Այդ մասին Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ելույթին, որը դժգոհություն էր հայտնում միասնական տրանսպորտային համակարգից՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը համակարգի գործարկման արդյունքում ավելի գումար է հավաքելու:
Ըստ Ավինյանի՝ 2020-2021 թվականներին մեծ ծավալի շինթույլտվություններ են եղել։ Քաղաքի սեփական եկամուտները 2021 թվականին կազմել են 33 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 39 մլրդ դրամ, 2023 թվականին՝ 61 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին լինելու է 90 մլրդ դրամ:
«Բա ձեր կարծիքով, որ տրանսպորտային համակարգը փոխվում է, որ ամեն տարի հարյուրավոր ավտոբուսներ, տասնյակ տրոլեյբուսներ ենք գնում, ո՞նց ենք անում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հավաքված գումարները մտնում են քաղաքային բյուջե և ուղղվելու են նաև տրանսպորտի համակարգի զարգացմանը։