Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստեղծի իր վարչակազմում, կվերացնի որոշ դաշնային գերատեսչություններ։ Այդ մասին հայտարարել է ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, որն Իլոն Մասկի հետ նշանակվել է դեպարտամենտի համանախագահ։
Ռամասվամին նախկինում առաջարկել էր վերացնել ՀԴԲ-ն, հարկային ծառայությունը և կրթության նախարարությունը: Մասկն էլ խոսել է դաշնային ծախսերը 2 տրիլիոն դոլարով կրճատելու իր ցանկության մասին։
ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը հայտարարել է պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ստեղծման մասին: Այն «խորհրդատվություն և ուղղորդում կտրամադրի կառավարությունից դուրս», Սպիտակ տան և նրա վարչական ու բյուջետային վարչության հետ համատեղ: Գերատեսչությունը ստեղծվելու է «լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կառավարման նկատմամբ նախկինում չտեսնված ձեռնարկատիրական մոտեցում ձևավորելու համար», խոստացել է հանրապետական նախագահը: Գերատեսչությունն աշխատանքը պետք է ավարտի 2026 թվականի հուլիսի 4-ին։