Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվան ընդառաջ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ուկրաինային աջակցության ցույցեր են տեղի ունեցել։
Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու ցույց անցկացնելու համար Իտալիայի ուկրաինական համայնքին են միացել նաև երկրի մյուս բնակիչները։ Բազմաթիվ ցուցարարներ ձեռքներին պահել են ուկրաինական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը:
Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտու քաղաքում՝ Ուկրաինայի և Եվրամիության դրոշների ներքո։ Դրանց մասնակիցները պահանջել են անհապաղ զինադադար։
Իսկ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում պատերազմի դեմ բողոքի ցույց են անցկացրել Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանք կոչ են արել եվրոպական կառավարություններին շարունակել աջակցել Ուկրաինային՝ անկախ նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններից։
Չեխիայում էլ՝ հակառակը, մոտ 200 մարդ հավաքվել է Պրահայում՝ երկրի կառավարությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Կիևին: Պատերազմի մեկնարկից ի վեր Չեխիայի կառավարությունը եղել է Ուկրաինայի հավատարիմ աջակիցը՝ Կիևին տրամադրելով ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական օգնություն: