Վաշինգտոնը Բեռլինին տեղեկացրել է Կիևին արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքերին հարվածել թույլատրելու որոշման մասին, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։
Նոյեմբերի 17-ի երեկոյան The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։
Բեռլինը նշել է, որ Վաշինգտոնի որոշումը չի ազդի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարելու մերժման վրա։ Շոլցը դեմ է արտահայտվել այդ հրթիռների մատակարարմանը 2024 թվականի փետրվարի վերջին։ Նա որոշումը բացատրել է Ուկրաինայի հակամարտության մեջ Գերմանիայի ներքաշվելու վտանգով։
Իր հերթին, Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայում արևմտյան զենքի կիրառման մասին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենի որոշումից հետո։ «Զենքի կիրառման վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվում, դրանք կարող են օգտագործվել միայն Ուկրաինայի սահմաններում»,- ասել է նախարարը։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու սահմանափակումների վերացման հարցը կքննարկվի երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, արտգործնախարարների խորհրդում։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե պաշտպանել է Կիևին՝ հեռահար զենք կիրառելու հարցում:
Ուկրաինայի զինված ուժերին՝ արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանի խորքերին հարվածելու թույլտվությունը նշանակում է լարվածության նոր փուլ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: