ԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան՝ ուսումնասիրելու խորհրդարանի ընտրության արդյունքները, հայտարարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Խորհրդարանի ընտրությունը հաստատեց երկրի շեղումը ժողովրդավարությունից գործող իշխանության օրոք։ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը շեղել են Եվրամիության ճանապարհից՝ հակասելով վրաց ժողովրդի ձգտումներին և երկրի՝ ԵՄ ինտեգրման նպատակին։ Մենք բոլորս մի բան ենք ուզում՝ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Դրա համար կառավարությունը պետք է վճռական փոփոխություններ իրականացնի կոնկրետ գործողությունների միջոցով։ Վրաստանը չի կարող առաջ շարժվել դեպի Եվրոպա՝ առանց էական փոփոխությունների։
Եվրամիության դուռը դեպի Վրաստան բաց կմնա: Սակայն Վրաստանի կառավարության մոտեցումը օրենքի գերակայության և հիմնարար սկզբունքների պահպանման հարցում (ներառյալ Վրաստանում ընտրությունների անցկացման եղանակը) երկիրը հեռացնում է ԵՄ ինտեգրման ուղուց»,- նշել է Բորելը: