Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա ձմռան ամիսներին հանրապետությունում ճանապարհները պահել առավել անվտանգ և անցանելի՝ ապահովելով քաղաքացիների անխոչընդոտ երթևեկությունն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը:
Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՓԾ մարզային վարչությունների պետեր, ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև միջպետական ու հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներ: ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է մոբիլիզացվի երկու գերատեսչությունների ներուժը, որպեսզի եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար արվի առավելագույնը:
Հանրապետության ճանապարհներին առկա իրավիճակն են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:
Համատեղ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ: