Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։
«Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ, ապա յուրաքանչյուր երկիր կանի այն, ինչ ճիշտ է համարում»,- ասել է Բորելը` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Սպիտակ տունը թույլատրել է ամերիկյան զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: ԵՄ դիվանագետն ընդգծել է՝ ինքն անձամբ «միշտ աջակցել է» եվրոպական զենքով նման հարվածներ հասցնելու քաղաքականությանը:
Բորելը նաև խոստովանել է, որ արդեն ժամանակ չունի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Կիևին զենքի մատակարարման արգելափակումները չեղարկելու համար:
Բորելը եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը կլքի դեկտեմբերի 1-ին։
Լրագրողների հետ զրույցում ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նաև հայտնել է, որ Բրյուսելում նախատեսվում է քննարկել իրավիճակը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Վրաստանում և ԱՄՆ-ում։ Բորելը նշել է, որ առաջարկել է սառեցնել ավելի քան 100 միլիոն եվրոյի օգնությունը Վրաստանի կառավարությանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել վրաց ժողովրդին, սակայն օգնությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կառավարությունը չի վերադարձել ճիշտ ճանապարհ: