Ընդդիմության վախերը՝ մոտալուտ խորհրդարանական ընտրությունների, ակնհայտորեն բյուրեղացնում են հենց իրենց բարդույթները, որովհետև շատ լավ հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել, և այդտեղ նրանք լրջագույն ռիսկեր են տեսնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե համակարգային փոփոխությունները կապված են նախատեսվող հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
«Մենք չունենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրեր: Հայաստանում 2021 թվականին են տեղի ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի ժողովուրդն իր կամքը ձևակերպել է ընտրությունների արդյունքում:
Հաջորդ հերթական ընտրությունները 2026 թվականին են, և մենք մինչև 2026 թվականը մի շարք անելիքներ ունենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրագործելու ճանապարհին, և ընդդիմությունը լավ կանի, որպեսզի օգտվի նաև այս առիթից և ինքնահայեցման սեփական օրինակը ցույց տա, որովհետև ես կարծում եմ՝ ինքնահայեցումը, ռեֆլեքսիան մի բան է, ինչն ընդդիմության մոտ բացարձակապես գոյություն չունի:
Կարծում եմ՝ հրապարակային պրոցեսները պիտի նաև իրենց հուշեն, որ մի քիչ էլ աշխատեն սեփական արդյունավետությունը բարձրացնելու համար, ոչ թե ճամարտակեն իշխանության գործողություններն աղավաղված, աղճատված կերպով ներկայացնելու համար»,- ասաց նա: